Ուշադրություն. «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը՝ Հայաստանի համայնքների միության հետ համատեղ, հայտարարում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ: Հայաստանի համայնքների միությունը ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի գործընկերն է։
Ջերմոցային գազերի զուտ զրոյական կամ նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումները ենթադրում են էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում և հանածո վառելիքներից կախվածության նվազեցում՝ այդ թվում նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման շնորհիվ, դրանով իսկ բարելավելով երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնելով ածխածնի արտանետումները:
Հետևաբար, անհրաժեշտ է, որ մրցութային աշխատանքները համահունչ լինեն վերոհիշյալ կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում, ինչպես նաև էներգախնայողություն, էներգախնայողություն և կանաչ զարգացում:
Մրցույթի պայմանները.
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ):
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավելի, քան երեք լուսանկար:
Մրցույթին մասնակցելու համար լուսանկարները (.jpg ձևաչափով) անհրաժեշտ է ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հունիսի 14-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները:
Ցանկալի է, որպեսզի լուսանկարները տեղադրված լինեն սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև նկարների այցելության և գնահատման հասանելի վիճակագրությունը: Նկարները սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:
Ներկայացնելով լուսանկարը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր լուսանկարները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կայքերում և ֆեյսբուքյան էջերում:
Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հունիսի 25-ը:
Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն լուսանկարների համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը:
Հորդորում ենք բոլոր մասնակից համայնքներին այս հայտարարության ստացման պահից մինչև նշված վերջնաժամկետը կազմակերպել նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) համայնքային մրցույթներ, քանի որ աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև հունիսի 14-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:
Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում կազմակերպվող մրցանակաբաշխության արարողության ընթացքում:
Հայաստանի համայնքների միություն