ՀՀՄ պատմությունը և առաքելությունը

Պատմություն

Հայաստանի համայնքների միությունը հիմնադրվել է 1997 թվականին՝ միավորելով Հայաստանի բոլոր գյուղական ու քաղաքային համայնքները:

Ի սկզբանե գործելով որպես հասարակական կազմակերպություն 2009 թվականին Միությունը վերակազմակերպվել է՝ դառնալով իրավաբանական անձանց միություն: Միության հիմնական կանոնադրական նպատակներն են՝ խթանել տեղական ինքնակառավարման ոլորտի զարգացումը, պաշտպանել իր անդամների շահերը, ամրապնդել տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները և խթանել անդամ համայնքների միջև փոխհամագործակցությունը:

Միության նախագահը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի (այսուհետ՝ ԵԽ) Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (այսուհետ՝ Կոնգրես) Հայաստանի պատվիրակության ղեկավարն է:

Առաքելություն և տեսլական

Միության տեսլականը նկարագրում է այն ցանկալի վիճակը, որը բնորոշում է Միությանը և նրա գործունեության արդյունքները 2020 թվականի դրությամբ:  Ըստ այդմ, Միության տեսլականն է՝

2020թ. դրությամբ Միությունն էական դերակատարում ունի Հայաստանում տեղական ինքնակառավարման ու տեղական ժողովրդավարության զարգացման և արդյունավետ ապակենտրոնացման խթանման գործընթացում՝ քաղաքականության մշակման պետական մակարդակում լսելի դարձնելով Հայաստանի համայնքների ձայնը` պետական կառավարման մարմիններին ուղղված արդյունավետ շահերի պաշտպանության և գործընկերային հարաբերությունների ամրապնդման միջոցով: Միության գործունեության շնորհիվ Հայաստանի համայնքները կլինեն ֆինանսապես ավելի անկախ, կունենան ընդլայնված լիազորություններ` ավելի հասուն տեղական ժողովրդավարական համակարգերով ու գործընթացներով:

Տեղական ինքնակառավարման և առհասարակ Հայաստանի Հանրապետության զարգացման ներկայիս փուլում Միության առաքելությունը բնորոշում է կազմակերպության ձգտումը լինել հասուն և հավակնոտ օրակարգ ունեցող կառույց, որը պատրաստ է ու ի վիճակի է լուծել տեղական ինքնակառավարման զարգացման ժամանակակից մարտահրավերները. Ըստ այդմ, Միության առաքելությունն է՝

Հայաստանի համայնքների միությունն իր անդամների ինքնուրույնությամբ, իրավունքների պաշտպանությամբ, կոլեգիալության և ապակուսակցականության սկզբունքներով առաջնորդվող՝ իր անդամների միասնական ու ներկայացուցչական ձայնն է Հայաստանում և արտաքին աշխարհում՝ փոխհարաբերությունների ինստիտուցիոնալ ամուր հիմքերով ու կառուցակարգերով: Միությունը ձգտում է, որպեսզի քաղաքական համակարգում Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններն ունենան ուժեղ և վստահելի ձայն՝ նպատակ ունենալով միասնական ջանքերով ազդելու քաղաքական օրակարգի վրա և պետական մարմինների հետ համագործակցաբար սահմանելու այն՝ ի շահ ՀՀ քաղաքացիների, համայնքների և տեղական ժողովրդավարության: