«Տարածքային կառավարումը Հայաստանում» թեմայով քննարկում. նոր տեսլական, նոր դերակատարում և նոր փոխհարաբերություններ
01.10.2018
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) Իրավական-օրենսդրական հարցերի հանձնաժողովի նիստը: Այդ շրջանակում անցկացվեց «Տարածքային կառավարումը Հայաստանում» թեմայով քննարկում:
Շրջանառության մեջ է դրվել «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում, լայն իմաստով անդրադարձ կատարվեց Հայաստանում տարածքային կառավարման ապագային։
ՀՀՄ Իրավական-օրենսդրական հարցերի հանձնաժողովի նախագահ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը փաստեց՝ սահմանադրական փոփոխությունների հետո արդիական են դարձել տարածքային կառավարման մարմինների մասին օրենքների քննարկումները:
ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխություններին համապատասխան պետք է օրենսդրական փոփոխություններ ընդունեինք. «Ուշացումով, բայց այդ գործընթացը սկսել է, ինչը կարևոր է: Տարածքային կառավարման համակարգը պահանջում է ավելի լայն քննարկումներ. միայն օրենք չի, որ պիտի լրացնենք սահմանադրության համապատասխան տեսանկյունից: Սրանք համակարգային, նաև քաղաքական բաղադրիչ պարունակող քննարկումներ են, և կարծում եմ՝ մենք այս քննարկումները քաղաքական ուժերի հետ պիտի շարունակենք ավելի բաց ու ներառական»:
ՀՀՄ-ն ներկայացրել է օրենսդրական մի շարք առաջարկներ, որոնք տեղ են գտել օրենքում:
Էմին Երիցյանը շեշտեց՝ ունենք սկզբունքային մոտեցում, որ սահմանադրական փոփոխություններով տարածքային կառավարման մարմիններն այլևս տեղական իշխանությունների հետ փոխհարաբերությունների լիազորություններ չունեն. «Այս սկզբունքային դիրքորոշումը մենք մինչև վերջ հետապնդելու ենք: Հենց այս կտրվածքով նաև այսօրվա հարաբերությունները օրենքից դուրս փոխհարաբերություններ են: Միշտ քննարկում է գնացել մարզպետարանների դերի մասին: Իմ պատկերացմամբ՝ ՀՀ-ում տնտեսական զարգացման, տարածքային համաչափ զարգացման համար այս մակարդակը պետք է, բայց լրիվ նոր պատկերացումներով: Հիմնական շեշտադրումը պիտի լինի տարածքների կայուն զարգացման ծրագրերի մշակումն ու իրականացումը: Բայց սա չպիտի աղերսներ ունենա ընդհանրապես տեղական ինքնակառավարման հետ, հատկապես վարչական վերահսկողության, առավել ևս ֆինանսական վերահսկողության, որի իրավասությունները մարզպետարանները երբեք չեն ունեցել, առավել ևս հիմա»:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը տեղեկացրեց՝ մինչև ապրիլ տարածքային կառավարման մարմինների հետ կապված հարաբերությունները հիմնական մասով կարգավորվում էին նախագահի հրամանագրով, ապրիլից հետո հրամանագիրն ուժը կորցրած ճանաչեց, գործունեությունը դադարեցվեց, և խնդիր առաջացավ այդ հարաբերությունները օրենքով կարգավորելու, որին նախարարությունը ձեռնամուխ եղավ և շրջանառության մեջ դրեց տարածքային կառավարման մասին օրենքի նոր նախագիծ, որի փաթեթում առկա է երկու նոր նախագիծ. «Նոր օրենքը կառուցվածքով նման է նախագահի հրամանագրի կառուցվածքին, բայց փորձ է կատարվել այս օրենքի նախագծով շտկել բացթողումները: Հիմնական առումով տարածքային կառավարման և զարգացման քաղաքականության մշակման առումով այդ լիազորությունն օրենքով վերապահված է նախարարությանը: Եվ սահմանադրությամբ ասվում է, որ մարզերում այդ գործառույթն իրականացվում է մարզպետների միջոցով: Մեկ այլ բացթողում է այն, որ պարզ չէ, թե մարզպետարանները կառավարման համակարգի որ մասում են գտնվում: Ճիշտ կլինի՝ մարզպետները գործեն նախարարության ենթակայության կարգավիճակում»:
Փորձագետ Վահագ Պետրոսյանը նշեց, որ ներկայումս որևէ կոնկրետ իրավական ակտով մարզպետների ամբողջական հարաբերությունները կարգավորված չեն: Նա ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ կան օրենքի նախագծում:
Քննարկման մասնակիցները՝ ՀՀՄ խորհրդի անդամներ, համայնքների ներկայացուցիչներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, այլ նախարարությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, համոզմունք հայտնեցին, որ նոր Հայաստանում անհրաժեշտ է տարածքային կառավարման նոր տեսլական, նոր դերակատարում և նոր փոխհարաբերություններ։
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct