ԵԽ Կոնգրեսի դիտորդներն արձանագրել են Երևանի ավագանու ընտրություններում լավ կազմակերպված քվեարկություն, բայց պատմականորեն ցածր մասնակցություն
19.09.2023
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ինը հոգանոց պատվիրակությունն ավարտել է իր առաքելությունը Հայաստանում՝ դիտարկելով Երևանի ավագանու ընտրությունները։ Կոնգրեսի պատվիրակությունը գլխավորում էր Կառլա Դեժոնյեն (Բելգիա, ILDG):
Ընտրությունների օրը դիտորդների յոթ թիմեր այցելել են պատահականության սկզբունքով ընտրված 113 ընտրատեղամասեր, մասնակցել ընտրատեղամասերի բացմանը, քվեարկության ընթացքին և ձայների հաշվարկին։
Մինչ ընտրությունների օրը Կոնգրեսի պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արդարադատության նախարարության, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների, Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, դիվանագիտական կորպուսի անդամների, ինչպես նաև տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Կոնգրեսի պատվիրակությունը մտքերի փոխանակում է անցկացրել նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և թեկնածուների հետ։
Ընդհանուր առմամբ, պատվիրակությունն արձանագրել է հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված ընտրություններ՝ առանց լուրջ միջադեպերի կամ խախտումների։ Պատվիրակությունը նաև արձանագրել է, որ նույնականացման սարքերը և տեսախցիկներն աշխատել են անխափան՝ նվազեցնելով կեղծիքի հնարավորությունը
Պատվիրակության ղեկավար Կառլա Դեժոնյեն հայտարարել է․ «Մենք ողջունում ենք այն բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի փոփոխման արդյունքում, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերը, որոնք նպաստեցին ընտրությունների օրվա ընդհանուր թափանցիկությանն ու պրոֆեսիոնալիզմին։ Այդ փոփոխությունները ներառում էին ընտրատեղամասերի նախագահների և քարտուղարների հատուկ վերապատրաստում, և մենք խորհուրդ ենք տալիս ապագայում դրանք պարտադիր դարձնել՝ ընտրական ընթացակարգերն է՛լ ավելի ստանդարտացնելու նպատակով»։
Պատվիրակությունը ափսոսանք է հայտնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ հետաքրքրության պակասի համար, հատկապես՝ երիտասարդ ընտրողների շրջանում, ինչի վկայությունն է Երևանում երբևէ գրանցված ամենացածր մասնակցությունը: Հայտարարությամբ ամրագրված է․ «Բացի այդ, տեղական շահերին վերաբերող հարցերը երբեմն ստվերվում էին անվտանգության մտահոգությունների պատճառով, որ հասկանալիորեն արտահայտում էին բազմաթիվ ընտրողներ և մրցակիցներ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ։ Մեզ մնում է միայն կիսել երևանցիների մտահոգությունը և կոչ անել արագ կարգավորել այս իրավիճակը»։
Պատվիրակությունը նաև նշել է, որ ընտրարշավը «բևեռացված էր», և այն հիմնականում վարում էին քաղաքապետների թեկնածուները։ Պատվիրակությանը նաև տեղեկացրել են «վարչական ռեսուրսների ենթադրյալ չարաշահման, ինչպես նաև ԶԼՄ-ներում կողմնակալության մասին, որոնք նախապատվությունը տվել են իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուին»։ «Այդ առնչությամբ և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով՝ մենք կարծում ենք, որ պաշտոնական քարոզարշավին նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ լրացուցիչ երաշխիքների անհրաժեշտություն կա, այդ թվում՝ քարոզարշավի և կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված», – նշված է հայտարարության մեջ։ Որպես ընտրական գործընթացի կազմակերպման թերություններ՝ Կոնգրեսը նշում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ընտրատեղամասերի հասանելիության խնդիրը, կուսակցությունների առաջատար թեկնածուների թվում կանանց պակասը՝ չնայած ցուցակներում պահանջվող 30 % քվոտայի պահպանմանը։ Բացի այդ, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը կրկնել է իր նախկին առաջարկը՝ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններն անցկացնել նույն օրը։
Կոնգրեսի առաքելությունից հետո հանձնարարականի նախագիծը կքննարկվի Կոնգրեսի հաջորդ նստաշրջանում՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Ստրասբուրգում (Ֆրանսիա):
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct