«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի թիմի ղեկավարն այցելել է Հայաստանի համայնքների միություն
17.03.2022
Մարտի 17-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի է ունեցել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի թիմի անդամների և Հայաստանի համայնքների միության աշխատակազմի հանդիպումը:
Հայաստանի համայնքների միությունում հյուրընկալվել են Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք ծրագրի թիմի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը, քաղաքականության և ինստիտուցիոնալ հարաբերությունների համակարգող (PIRC) Յան Վանդերսը և ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը:
Հայաստանի համայնքների միությունը «Էներջի սիթիզ» կազմակերպության կողմից առաջնորդվող գործընկերների կոնսորցիումի շրջանակներում շահել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք III» մրցույթը: Միությունը «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության գործընկեր կազմակերպությունն է և տարիներ շարունակ իրականացրել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագիրը:
Ողջույնի խոսքում Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարևորել է ծրագրի երրորդ փուլի իրականացումը նաև այն համատեքստում, որ Հայաստանում վարչատարածքային փոփոխություններից հետո ստեղծվել է նոր իրավիճակ: Էմին Երիցյանը կարևորել է համայնքների ներգրավվածության բարձրացումն ու նրանց հետ աշխատանքն ավելի ինտենսիվ դարձնելը: Նա ակտուալ է համարել համայնքներին մասնագիտական և փորձագիտական աջակցությունը, նաև առաջարկել է, որպեսզի խոշորացման գործընթացից հետո համայնքները վերանայեն ու թարմացնեն իրենց ռազմավարությունները: Էմին Երիցյանը կարևորել է նաև Քաղաքապետերի դաշնագրի ակումբի հարթակի օգտագործումը համայնքների հետ համագործակցության հարցում: Ուստի ընդգծել է առաջնահերթ ակումբի հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի թիմի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը, ներկայացնելով Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք III ծրագրի նպատակներն ու ծրագրված գործողությունները, ընդգծել է համայնքների կարողությունների զարգացման կարևորությունը: Նա տեղեկացրել է՝ նախատեսվում է իրականացնել համայնքների էներգետիկ պատասխանատուների համար դասընթացներ, ստեղծել e-learning հարթակ, որի միջոցով կկազմակերպվեն վեբինարներ, աշխատաժողովներ, նաև կկազմակերպվեն ճանաչողական այցեր համայնքների համար, համայնքներին աջակցություն կտրվի ծրագրային հայտերի պատրաստման և տարբեր դրամաշնորհային մրցույթների դիմելու հարցում: Առանձնահատուկ ուշադություն կդարձվի նաև ցանցային համագործակցությանը: Քրիստոֆ Ֆրերինգն իր խոսքում նշել է. «Մեր ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին, տրամադրել նրանց փորձագիտական, տեխնիկական աջակցություն: Ծրագրի երրորդ փուլում նորույթն այն է, որ շեշտը դրվելու է նաև կլիմայի փոփոխություններին հարմավողականության վրա»:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք III» ծրագրի գործողությունները խրախուսելու և ամրապնդելու են Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները, որոնք անհրաժեշտ են կայուն կլիմայական և էներգետիկ զարգացման տեղական քաղաքականության իրականացման համար: Հայաստանի համայնքների միությունը, լինելով «Էներջի սիթիզ» կազմակերպության կողմից առաջնորդվող կոնսորցիումի անդամ, Ծրագրի գործընկեր, կարևոր դեր կունենա «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանում իրականացվող ծրագրի երրորդ փուլի իրականացման գործում:
Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանը միացել են 28 համայնքներ՝ ստանձնելով կամավոր հանձնառություն նվազեցնել համայնքի տարածքում ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020 թ. առնվազն 20%-ով՝ համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների համեմատ: Համայնքների ավագանիները հաստատել են Դաշնագրի շրջանակներում մշակված՝ ձեր համայնքների Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը (ԿԷԶԳԾ):
Համայնքներից 17-ն արդեն միացել են Դաշնագրի նոր` ավելի հավակնոտ նպատակներ թիրախավորող փուլին` «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը:
Նոր Դաշնագրին միացող համայնքները հանձնառություն են ստանձնում նվազեցնել արտանետումները 30%-ով մինչև 2030թ., ինչպես նաև ապահովել իրենց տարածքների կլիմայական դիմակայունությունը՝ մշակելով և մինչև 2030թ. իրականացնելով կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության միջոցառումներ: Առաջարկվող գործողություններն ամփոփվում են Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրում (ԿԷԶԿՊԳԾ):
Նոր դաշնագրին միացած համայնքները հնարավորություն են ստանում օգտվել ԵՄ կողմից նոր Դաշնագրին անդամակցող համայնքների համար նախատեսված տեղեկատվական, փորձագիտական, ֆինանսական և այլ տեսակի աջակցությունից, որը տրամադրվում է տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների և ֆինանսական գործիքների միջոցով:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct