«ՏԻՄ-երի ձայնը պետք է լսելի լինի». ԵԽ Կոնգրեսի գլխավոր քարտուղարը Երևանում է
12.09.2018
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը Հայաստանում է: Սեպտեմբերի 12-ին Երևանում անցկացվեց Տեղական և կենտրոնական իշխանությունների միջև խորհրդակցական մեխանիզմների վերաբերյալ աշխատաժողով:
Աշխատաժողովի ընթացքում Կոնգրեսի գլխավոր քարտուղարը հայտարարեց. «Այսօր՝ մասնակցային ժողովրդավարության համատեքստում, կառավարման տարբեր մակարդակների միջև երկխոսությունը և խորհրդակցությունները ցանկացած ժողովրդավարական հասարակության համար կարևոր նախապայման է: Քանի որ Հայաստանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման ամրապնդման ճանապարհին է, կանոնավոր խորհրդակցությունների արդյունավետ շրջանակի ստեղծումը դառնում է առաջնահերթ խնդիրներից մեկը»:
Անդրեաս Կիֆերը հայտարարեց՝ Կոնգրեսը գնահատում է Հայաստանի կառավարության՝ երկրում ապակենտրոնացված կառավարման ստեղծման հանձնառություն:
Պարոն Կիֆերը տեղեկացրեց՝ Կոնգրեսը նախապատրաստվում է 2019-ին՝ հաջորդ մոնիթորինգային առաքելության ընթացքում, գնահատել 2014-ի հանձնարարականներից հետո երկրում արձանագրված առաջընթացը. «Կանոնավոր և համակարգված խորհրդակցությունների շրջանակի ստեղծումը հանձնարարականի և Ճանապարհային քարտեզի իրականացման հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է լինել»:
Անդրեաս Կիֆերը տեղեկացրեց ՝ Կոնգրեսը պատրաստվում է այս տարվա նոյեմբերին ընդունել ՏԻՄ-երի հետ կապված ուղեցույցներ՝ խորհրդակցությունների շրջանակ, որը կտարածվի բոլոր 47 անդամ պետություններում: Անդրեաս Կիֆերը շեշտեց. «ՏԻՄ-երի ձայնը պետք է լսելի լինի»:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը փաստեց՝ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և ասոցիացիաների ներկայացուցիչների միջև կոնսուլտացիաները տեղական ժողովրդավարության զարգացման կարևորագույն ինստիտուցիոնալ մեխանիզմներից մեկն է, որը հնարավորություն է տալիս ազգային մակարդակում որոշումները համադրել տեղական ինքնակառավարման ընդհանուր պատկերացումների և զարգացման տեսլականի հետ. «Սա հետադաձ կապի լավ հնարավորություն է, ինստիտուցիոնալ փորձն օգագործելու լավ առիթ: Այսօր մեր տեղական համակարգում այդ գիտելիքն ու փորձը կա: Այդ գործընթացում մեզ հետ միշտ եղել է ԵԽ-ն, Կոնգրեսի քարտուղարությունն իր գործիքակազմով»:
Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն արձանագրեց՝ տեսնում են տեսանելի զարգացումներ նաև Հայաստանի համայնքների միության աշխատանքներում: Դառնալով տեղական ինքնակառավարմանը՝ Լորետա Վիոյուն փաստեց. «Մարդու իրավունքներ, իրավունքի գերակայությունը. առանց այս սկզբունքների իրականացման հնարավոր չէ իրականացնել տեղական ինքնակառավարում: Այն անջատված չէ ՀՀ-ում ընթացող մյուս գործընթացներից»: Աշխատաժողովին մասնակցում են նաև Լեհաստանի, Սերբիայի, Իսլանդիայի և Վրաստանի տեղական իշխանությունների ասոցիացիաների ներկայացուցիչներ: Բոլորն էլ շեշտեցին նման ասոցիացիաների գործունեության անհրաժեշտությունը տեղական ինքնակառավարման ոլորտի կայացման հարցոմ:
Լեհական քաղաքների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անժեյ Պորավսկին նշեց, որ իրենց երկրում օրենքի նախագծերի իննսուն տոկոսը համաձայնեցվում է կոմիտեի հետ:
Իսլանդիայի տեղական իշխանությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Բյորն Բլոնդալը նշեց՝ անհրաժեշտ է ունենալ ուժեղ ասոցիացիա, որը կկարողանա ներկայացնել համայնքի շահերը պետության առջև, քանի որ առանձին համայնքները չեն կարող դա անել:
Սերբիայի Քաղաքների և համայնքների ասոցիացիայի գլխավոր քարտուղարի շահերի պաշտպանության հարցերով տեղակալ Նիկոլա Տարբուկը վստահեցրեց՝ մենք ազգային բյուջեից լրիվ անկախ ենք:
Լատվիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի ավագ խորհրդատու Մարիս Պուկիսն էլ հայտնեց, եթե Լատվիայում որևէ նախարարի կաբինետը որևէ գործընթացի վրա է աշխատում, իրենց ներկայացուցիչը ներկա է գտնվում, մասնակցում է նաև նոր օրինագծերի մշակման աշխատանքներին:
Վրաստանի տեղական իշխանությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Թամար Թալիաշվիլին հայտնեց՝ Վրաստանում ցանկացած որոշում, որ կառավարության կողմից կայացվում է և ունի ուղիղ ազդեցություն տեղական իշխանությունների վրա, քննարկվում է ասոցիացիայի և տեղական իշխանությունների հետ:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն էլ ներկայացրեց ՀՀ-ում իրավիճակը: Նա մտահոգություն հայտնեց. «2009-ից ի վեր համայնքներին շոշափելի լիազորություն կամ ֆինանսական աջակցություն չտրվեց: Մնչդեռ ՀՀ-ում ռեֆորմ չանել, նշանակում է հետնահանջ: Խնդիրը միայն նրանում չէ, որ կառավարությունը ցանկություն չուներ, ընդհակառակը, արժեքների, նպատակների տեսանկյունից գրեթե հարյուր տոկոսով կիսում էին մեր արժեքները: Խնդիրը քաղաքական կամքն է և այն միջավարը, որում տեղի էր ունենում այս ամենը: Կենտրոնական իշխանությունը խորհրդային հին մեթոդներից ցանկություն չուներ հրաժարվելու և ուժեղացնելու համայնքները: Մեզ չհաջողվեց խորհրդային համակարգից հետո ազատվել այդ մտայնությունից»:
20:34
18 11 2024
Նոյեմբերի 16-ին Գավառում ԵՄ Կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct