Համայնքներն առաջին գծում. համավարակի կանխարգելմանը զուգահեռ Վանաձորի քաղաքապետը մտածում է նաև նոր աշխատատեղեր ստեղծելու մասին

Համայնքներն առաջին գծում. համավարակի կանխարգելմանը զուգահեռ Վանաձորի քաղաքապետը մտածում է նաև նոր աշխատատեղեր ստեղծելու մասին

14.04.2020

Արտակարգ դրության օրերին համայնքներն առաջին գծում են: Համայնքային իշխանություններն առաջին օղակն են, որոնց  դիմում են համայնքի բնակիչները, համայնքային իշխանություններն են զբաղվում քաղաքացիների առօրյա հոգսերով: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի տեղեկացմամբ՝ այս շրջանում իրենք կատարում են համայնքի կորուստների և տնտեսումների ընթացիկ գնահատումներ, ինչին հաջորդելու է տարբեր ծրագրերի կազմումը:

«Համայնքներն արտակարգ դրության ժամանակ» խորագրի ներքո զրուցեցինք Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ՝ հասկանալու համայնքապետարանն ինչպե՞ս է փորձում քաղաքացիների հոգսերը թեթևացնել, ի՞նչ ծրագրեր են իրականացվում համայնքում: Խոսելով եռամսյակային արդյունքների մասին՝ Մամիկոն Ասլանյանն ասաց. «Անցյալ եռամսյակը՝ մարտ ամիսը ներառյալ, մենք մոտավորապես 94 տոկոս բյուջեի կատարողականի ցուցանիշով ենք փակել: Դա այս պայմանների համար վատ չէ: Բնականար, մեր կողմից իրականցվող որոշ ծրագրեր տնտեսական բնույթի գուցե ժամանակի առումով մի քիչ հետ ընկնեն, բայց գոնե կապիտալ ծախսերի, շինարարության մասով պիտի ամեն ինչ արվի, որ կարողանանք  նաև աշխատատեղերի խնդիր լուծել, քանի որ ՌԴ-ում էլ է նույն վիճակը. մեր՝ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները հնարավորություն չեն ունենալու այս պահին ՌԴ-ում աշխատանք գտնել, ուստի պիտի կարողանանք բյուջեի միջոցներն այնպես ուղղել, որ գոնե շինարարության, ճանապարհաշինության և կապիտալ այլ գործողությունների արդյունքում կարողանանք աշխատատեղեր ստեղծել»:

Պարոն Ասլանյանին խնդրեցինք հետադարձ հայացք նետել և հիշել՝ որպես համայնքի ղեկավար համավարակի տարածման առաջին օրերին ի՞նչ զգացողություններ է ունեցել, եղե՞լ է պահ, երբ դժվար է եղել կողմնորոշվելը, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Նույնիսկ մինչև այդ վիճակի մասին մեզ մոտ ավելի պաշտոնական ինչ-որ գործողություններ կատարելը, մենք արդեն մանկապարտեզներում կանխարգելիչ գործողություններ էինք սկսել իրականացնել, քանի որ աշխարհում արդեն սկսել էին այս վարակի մասին խոսել: Խուճապի, չկողմնորոշվելու հարց չի եղել, ուղղակի մեր գործողությունները պիտի հարմարեցնեինք նոր ստեղծվող իրավիճակին՝ կապված անգամ մեր կողմից ձեռք բերվող տվյալ պահի ապրանքատեսակների հետ՝ ախտահանիչ նյութեր,  պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ, արտահագուստ և այլն»:

Մամիկոն Ասլանյանն ասաց, որ անգամ այդ ամենը պահեստավորել են և հետագայում տրամադրում էին քաղաքացիներին: Նա վստահեցրեց՝ համայնքապետարանի ռեսուրսները բավական են:

Քաղաքապետը նկատեց՝ սովորական աշխատանքային ռեժիմից արտակարգ ռեժիմին անցնելու գործընթացն է եղել անսովոր. «Փորձում էի հասկանալ, թե որ աշխատակիցներին տուն ուղարկել, ի՞նչ միջոցներով անենք, բայց երկու օրվա ընթացքում ամեն բան ընկավ հունի մեջ, և պարետատան ցուցումների համաձայն՝ սկսեցինք կարգավորել մեր բոլոր գործողությունները: Եվ որևէ արտառոց խնդիր չծագեց»:

Վանաձորի քաղաքապետը վստահեցրեց՝ կյանքը թեկուզ արտակարգ դրության պայմաններում, բայց բնականան հունով ընթանում է և շարունակեց. «Մանավանդ, քաղաքապետարանի՝ հիմնական, կարևոր, մեր կողմից իրականացվող գործողությունները որևէ պահի չեն դադարել: Դա վերաբերում է թե′ հավաքագրումներին, որոնք հիմա հեռավար, շփումը բացառելու տարբերակով են արվում, թե′ նաև մեր կողմից իրականացվող՝ այս սեզոնին վերաբերող որոշակի գործնական աշխատանքների, մասնավորապես գետերի հուների մաքրում, անձրևաջրատար համակարգի մաքրում, քանի որ այսպես թե այնպես այս սեզոնին կատարվող աշխատանքներ են՝ իհարկե,  պահպանելով արտակարգ ռեժիմով թելադրած անվտանգային կանոնները: Մրցույթներ ենք իրականացնում ընթացքում, տեսնենք՝ ինչ կստացվի»:

Այս օրերին Վանաձոր քաղաքում ամենօրյա գրաֆիկով իրականցվում են ախտահանման աշխատանքներ գլխավոր և երկրորդային փողոցներում, ողջ քաղաքում՝ շենքերի շքամուտքեր, վերելակներ, հանրային վայրեր, համայնքապետարանի շենք: Մամիկոն Ասլանյանի տեղեկացմամբ՝ քաղաքում ախտահանման աշխատանքները սկսել են մարտի 15-16-ից, որոնք ավելի լայն թափ ստացան արտակարգ ռեժիմի գործողության պայմաններում:

Հարցին՝ համայնքներն այս օրերին լինելով առաջին գծում ի՞նչ դասեր են քաղել, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հիմնական նորամուծությունն այն է, որ մեր որոշ գործառույթներ փոխանցվեցին հեռավար կառավարման ռեժիմի: Մեր մանկապարտեզները սկսեցին մանուկների հետ հեռավար դասեր անցկացնել, մենք քաղաքացիների դիմումները հիմնականում ընդունում ենք օնլայն ռեժիմով և օնլայն ռեժիմով էլ պատասխանում ենք: Իրազեկման համակարգի հետ կապված մենք հետևություններ պետք է անենք: ԽՍՀՄ-ի տարիներին քաղաքում գործում էր ազդարարման համակարգ տագնապային իրավիճակների համար, նման իրավիճակների համար կարծում եմ հետագայում բոլոր  համայնքներում պետք է դա նկատի ունենանք, որ նախկինում ազդարարման համակարգերը վերականգնվեն նոր տեխնոլոգիաներին համապատասխան, որ ոստիկանության միջոցով կամ բարձրախոսերով բակերում, փողոցներում շրջելու  փոխարեն մենք բոլոր փողոցներում տեղադրենք բարձրախոսերը՝ ազդարարման համակարգ, որ բոլոր համաքաղաքացիները տեղյակ լինեն, լսելի և հասանելի, նաև բնակչության համար սաստող ազդեցություն է ունենում, երբ բարձրախոսերով ազդարարվում է»:

Այս առիթով Մամիկոն Ասլանյանը հիշեց, որ Վանաձորում մի քանի օր է եղել, երբ քաղաքացիների մոտ որոշակի հանգստություն է եղել իրավիճակի նկատմամբ, և իրենք ստիպված էին օրվա մեջ մի քանի անգամ սոցցանցերով, ԶԼՄ-ներով, ոստիկանության միջոցով դիմել, հորդորել, խիստ պահանջներ դնել քաղաքացիների առաջ, ինչը մեկ-երկու օրում կարգավորվել է:


NEWS

Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region
Intellectual game on clean and sustainable development for school students in Gegharkunik region

20:34

18 11 2024

On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...

Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում
Պարգևատրման արարողություններ Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում

18:17

16 08 2024

Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում  «Քաղաքապետերի...

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից Մարտունիում պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:31

03 07 2024

Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները
Գավառում Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Միության կողմից պարգևատրվել են ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024-ի մրցույթների հաղթողները

22:03

03 07 2024

Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...

Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024
Մրցանակաբաշխություն՝ Սևան համայնքում․ ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2024

21:19

02 07 2024

Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...

Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթ-2024-ի շրջանակներում՝ Թալին համայնքում
Մրցանակների հանձնման արարողություն Կայուն էներգիայի շաբաթ-2024-ի շրջանակներում՝ Թալին համայնքում

10:18

27 06 2024

Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...