Տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի նախապատրաստական հանդիպումը
29.03.2022
Մարտի 29-ին տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի նախապատրաստական հանդիպումը: Հանդիպումն անցկացվել է Երևանում՝ միաժամանակ այն տեղի է ունեցել առցանց ձևաչափով՝ Ֆրանսիայի և Հայաստանի մի շարք համայնքների ներկայացուցիչների համար:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, «Ֆրանսիայի միավորված քաղաքներ» կազմակերպության «Հայաստան» խմբի նախագահ, Լիոնի փոխքաղաքապետ Սոնիա Զդորովցովան, Հայաստանի համայնքների, «Ֆրանսիայի միավորված քաղաքներ» կազմակերպության ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր քննարկել հունիսին անցկացվելիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի կազմակերպչական և թեմատիկ հարցեր:
Էմին Երիցյանն իր խոսքում փաստել է, որ նախքան ՀՀ-ում վարչատարածքային փոփոխությունները գործում էին հայ-ֆրանսիական ավելի քան 30 համագործակցություններ. «Այդ համագործակցությունները հետզհետե զարգացել են, առաջինները եղել են ֆրանսիական կողմից բարեգործության, աջակցության ձևով և ժամանակի ընթացքում շատ համագործակցություններ Հայաստանի համայնքների զարգացման հետ համատեղ վերաճել են հավասար գործընկերության»:
Նշենք, որ Հայ-ֆրանսիական համագործակցության առաջին համաժողովն անցկացվել է 2010-ին՝ Երևանում, որի արդյունքում ընդունված հռչակագրով Ֆրանսիայի Միավորված Քաղաքների կողմից ստեղծվել է «Հայաստան» խումբ, որի նպատակն է աջակցել հայ և ֆրանսիական տեղական իշխանությունների համագործակցությանը: Հայաստանի համայնքների միության շրջանակներում կազմավորվել է «ֆրանսիա» խումբը՝ նույն նպատակով: Երկրոդ համաժողովն անցկացվել է Ֆրանսիայի Վալանս քաղաքում՝ 2013-ին, իսկ երրորդը՝ 2016 թվականին՝ Հայաստանում: Էմին Երիցյանը փաստել է՝ վարչատարածքային փոփոխությունները լրիվ նոր տեսք են տվել հայ-ֆրանսիական ապակենտրոացված համագործակցությանը: Էմին Երիցյանը կարևորել է նաև կանանց և երիտասարդության ներգրավվածությունը: Նա ընդգծել է՝ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների նպատակն է անդրադարձ կատարել ավելի գլոբալ խնդիրների, ընդհանուր նպատակների: Ըստ Էմին Երիցյանի՝ ֆրանսիական կողմն, ունենալով մեծ փորձ, կարող է տեղական իշխանությունների կարողությունների, քաղաքական մշակույթի զարգացման առումով ներդրում ունենալ»:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնը, կարևորելով հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը, նշել է. «Միասին պետք է խոսենք այն տարբերակների և առանձնահատկությունների մասին, որոնք կարող են կիրառվել հայ-ֆրանսիական հարաբերությունների ավելի ակտիվացման համար: Մենք պետք է համահունչ լինենք իրականությանը, կարողանանք փոփոխվել ու հարմարվել միջազգային և տեղական համատեքստին»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության օրակարգի ուղիղ թիրախն է համայնքի բնակիչների բարեկեցությունը: Նախարարի տեղակալը նաև նշել է՝ ապակենտրոնացված համագործակցությունը հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հիմքն է:
«Ֆրանսիայի միավորված քաղաքներ» կազմակերպության «Հայաստան» խմբի նախագահ, Լիոնի փոխքաղաքապետ Սոնիա Զդորովցովան հույս է հայտնել, որ Լիոնում կկարողանան կազմակերպել բավականին մեծածավալ հանդիպումներ. «Հայ-ֆրանսիական համագործակցությամբ փորձում ենք իրար ավելի ուժեղացնել, ուժեղ կապի մեջ լինել: Պետք է խոսենք նաև այդ համագործակցության տնտեսական կողմի մասին: Եթե ընդունելությունը, որ Երևանում ստացանք, համարժեք լինի այն համաժողովներին, որ կկազմակերպենք, դա մեծ հաջողություն կլինի»:
Հանդիպման ընթացքում նաև կարևորվել է, որպեսզի համայնքների կողմից լինի նախաձեռնողականություն Ֆրանսիայի գործընկերների հետ ծրագրերի իրականացման հարցում: Որպես համագործակցության լավ օրինակ բերվել է Սևան- Գրենոբլ, Գորիս-Վիեն համագործակցությունները, որոնք կարող են ծառայել լավ օրինակ ու փորձ լինել մյուս համայնքների համար:
20:34
18 11 2024
On 16 November 2024, in Gavar, within the framework of EUSEW2024, an intellectual game on...
18:17
16 08 2024
Օգոստոսի 15-ին Ապարան, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր համայնքներում «Քաղաքապետերի...
22:31
03 07 2024
Մարտունի համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
22:03
03 07 2024
Գավառ համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի համայնքների...
21:19
02 07 2024
Սևան համայնքում հուլիսի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի և Հայաստանի...
10:18
27 06 2024
Հունիսի 27-ին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Թալին համայնքում տեղի է ունեցել...
22
Nov
26
Oct
25
Oct