«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Թալին, Փարաքար և Ակունք համայնքներ

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Թալին, Փարաքար և Ակունք համայնքներ

03.04.2024

Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Թալին, Փարաքար և Ակունք համայնքներ։

Թալինի համայնքապետարանում նա հանդիպել է համայնքապետարանի աշխատակազմի տնտեսական զարգացման բաժնի աշխատակիցներին և համայնքի ղեկավարի օգնական Արթուր Հարությունյանին։ Համայնքապետարանի ներկայացուցիչները նշել են, որ իրականացնում են էներգախնայողության տարբեր ծրագրեր, պլանավորում են սուբվենցիայի և այլ միջոցների հաշվին իրականացնել պոմպերի էլեկտրաֆիկացում ֆոտովոլտայիկ կայաններով, որպեսզի ոռոգման և խմելու ջուր մատակարարեն որոշ բնակավայրերի։ Վստահեցրել են, որ համայնքապատկան բոլոր շենքերի վրա պլանավորում են ֆոտովոլտայիկ կայաններ տեղադրել։

Փարաքար համայնքում Քրիստոֆ Ֆրերինգը համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանի ուղեկցությամբ այցելել է Կեղտաջրերի մաքրման համայնքային կայան, որտեղ ծանոթացել է 2011-ին համայնքում հիմնված կայանի աշխատանքին։ Հանդիպման երկրորդ հատվածը մշակութային էր։ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավարն այցելել է համայնքի Խաղաղության պուրակ, Փարաքարի արվեստի դպրոց, ունկնդրել դպրոցի սաների երաժշտական ելույթները։ Քրիստոֆ Ֆրերինգը, կարևորելով ուղիղ հաղորդակցությունը համայնքների հետ նկատել է, որ համայնքի առաջընթացը տարբեր ծրագրերի իրականացման հարցում կախված է նաև այն քաղաքական կամքից, որը ցուցաբերում է համայնքի ղեկավարությունը։

Ակունք համայնք այցելության ընթացքում Քրիստոֆ Ֆրերինգն այցելել է Ակունքի համայնքապետարան։ Համայնքի ղեկավար Հունեն Ռուբենյանի հետ զրույցում նա շնորհավորել է համայնքի ղեկավարին Քաղաքապետերի դաշնագրին՝ համայնքի միանալու կապակցությամբ ու նշել է․ «Սա կամավոր նախաձեռնություն է։ Ըստ էության համայնքի հիմնական հանձնառությունն այն է, որ մշակի Էներգետիկ և կլիմայական զարգացման գործողության ծրագիրը, որը պետք է ավագանու կողմից հաստատվի։ Դրա իրականացումը թույլ կտա CO2 արտանետումները նվազեցնել և ապահովել համայնքի  հարմարվողականությունը կլիմայի փոփոխությանը»։ Քրիստոֆ Ֆրերինգն ընդգծել է, որ ծրագրի աջակցության փաթեթը ներառում է տեխնիկական աջակցություն, ուսուցողական սեմինարներ համայնքի աշխատակազմի համար, այցելություն այլ երկրներ փորձի փոխանակման նպատակով։ Նա նաև տեղեկացրել է ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մասին՝ օրինակ՝ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը, որն այս տարի կազմակերպվելու է հունիսի 11-13-ը և որի նպատակն է համայնքի բնակչության և շահառուների իրազեկության բարձրացումը էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի, այն թեմաների շուրջ, որոնք նախաձառնության գաղափարախոսության հիմքում են։ Նաև նշել է, որ առաջիկայում կկազմակերպվեն մի քանի ուսուցողական սեմինարներ Դաշնագրին անդամակցող համայնքների ներկայացուցիչների համար։

Հունան Ռուբենյանը Քրիստոֆ Ֆրերինգին պատմել է համայնքի մասին, ներկայացրել համայնքի կարողություններն ու էներգախնայողության ոլորտում կատարված աշխատանքները։


NEWS

«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար
«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար

14:41

20 05 2024

2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...