:

    «Ցանկալի չէ, այո, որ առողջարանային քաղաքին կպած հանք գործի». Ջերմուկի քաղաքապետը՝ Ամուլսարի հանքի մասին

    08 August, 2018

    «Ցանկալի չէ, այո, որ առողջարանային քաղաքին կպած հանք գործի». Ջերմուկի քաղաքապետը՝ Ամուլսարի հանքի մասին

    Խոշորացումը դրական ազդեցություն է ունեցել Ջերմուկ քաղաքի վրա:

    Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտնեց՝ քանի որ խոշորացումից հետո Ջերմուկին է միացել Գնդեվազ համայնքը, խոշորացված համայնքի բյուջեն մեծացել է:

    Վարդան Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ ներկայումս Ջերմուկում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ երկու տրանշով: Քաղաքապետը մանրամասնեց. «Երկու տրանշ է՝ մեկը 10 միլիոն դոլարի կտրվածքով բաց թողեցինք՝ բակեր, տանիքներ, ճեմուղիներ, հիմա էլ երկրորդի հետ կապված ենք աշխատում: Խնդիր ունենք բյուջեում, գումարը սառեցրել են. ուզում ենք հասկանալ, թե ինչն է պատճառը, քանի որ եթե ֆինանսավորում չլինի, շինարարությունը կիսատ կմնա»:

    Քաղաքապետի հավաստմամբ՝ 10 տարիների ընթացքում Ջերմուկը 180 աստիճանով փոխվել է թե՛ բարեկարգման, թե՛ աղբահանության, թե՛ լուսավարության առումով. «Բազմիցս ստացել ենք մաքուր, կանաչ քաղաք շնորհը: Քաղաքը առողջարանային է, վերջերս շվեյցարական ծրագրով մոտ 700.000 եվրոյի տեխնիկա ստացանք, մեր ամբողջ պարկը, կոմունալ տնտեսությունը վերազինված է հզոր տեխնիկայով, մենք որպես համայնք՝ իրոք խնդիր չունենք»:

    Վարդան Հովհաննիսյանը հիշեց՝ քանի դեռ համայնքը չէր խոշորացել, իրենց բյուջեն թույլ էր, հիմա մեծացել է. «Մենք հիմա ունենք հնարավորություն, որ աշխատավարձի պարտքեր տանք: Այն ժամանակ երկար լուսավորություն պահել չէինք կարողանում, քանի որ չունեինք հնարավորություն, սանմաքրման աշխատանքների համար տեխնիկա չունեինք, աշխատավարձն ամիսներով չէինք ստանում: Հիմա ես արդեն ուշադրութուն եմ դարձնում գյուղական համայնքների վրա: Գնդեվազ համայնքի բյուջեն, որ շատ մեծ է, միանալով մեզ, ինչպես նաև Հերհերը, դրական ազդեցություն է թողել: Հիմա ուշադրություն եմ դարձնում գյուղական համայնքների վրա, Հերհերի լուսավորության, ասֆալտապատման ծրագիր կա, այդ մասին ենք մտածում»:

    Մեր հարցին՝ կարելի՞ է ասել, որ խոշորացումը դրական է ազդել Ջերմուկ քաղաքի վրա, քաղաքապետը դրական պատասխան տվեց:

    Ամուլսարի խնդրի հետ կապված Վարդան Հովհաննիսյանը վստահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեր այն հիշեցմանը՝ վարչապետն էլ էր հարց բարձրացրել ՝ ինչպե՞ս կարող է առողջարանային քաղաքի հարևանությամբ հանք գործել, Վարդան Հովհաննիսյանն արձագանքեց. «Ճիշտ է ասում մեր վարչապետը: Ես էլ եմ բազմիցս պայքարել դրա դեմ, նախկին կառավարարության օրոք ինձ արգելեցին պայքարել, իսկ հիմա բանը բանից անցել է. Գնդեվազ համայնքն ամբողջ թույլտվությունը հողի օտարման տվել է, այս մարդիկ լիզենզիաներով եկան մինչև խոշորացումը: Ցանկալի չէր, այո,  որ առողջարանային քաղաքին կպած հանք գործի: Բայց վստահում ենք մեր կառավարությանը, վարչապետին և սպասում իր արձագանքին: Հիմա այնտեղ լուրջ մասնագետների կողմից ստուգումներ են գնում: Եթե մասնագետները որոշեն, որ հանքը չպետք է աշխատի, կողմնակից կլինեմ, եթե վարչապետը որոշի, որ հանքը պիտի աշխատի, ես չեմ կարող ժողովրդին ասել՝ չէ, պիտի գնանք հանքը փակենք: Մենք կհավատանք: Իսկ եթե իրական վնասը զգանք, աչքով տեսնենք, գուցե քայլեր ձեռնարկենք: Հիմա դեռ շինարարական աշխատանքների պահն է»:

    Մեր այն դիտարկմանը՝ բնապահպանները լուրջ վտանգների մասին են ահազանգում հանքի շահագործման պարագայում, պարոն Հովհաննիսյանն արձագանքեց. «Բնապահպանները հեռանկարում են պատկերացնում, որ վտանգ կլինի: Այսօր դեռ շինաշխատանքներ են գնում, բնական է՝ փոշի կա, աշխատում  են ամեն ինչ անել, որ կարգավորեն, աշխատանքի ժամանակ էլ դեպքեր լինում են, վթարներ են առաջանում, բայց մարդկային կյանքի վտանգ այսօր չկա: Իսկ եթե մեկ տարի, վեց ամիս հետո վտանգ լինի, այս դեպքում ոչ մեկն իրենց չի փրկի, նաև կառավարությունը, ժողովուրդն ինքնաբուխ դուրս կգա: Այսօր գիտակցող մարդիկ դեռ սպասում են: Ակտիվիստներ ունենք, որ փակել են հանքի ճանապարհը, սպասում են վարչապետի աշխատանքային խմբի պատասխանին»: