:

    «Համայնքապետի աշխատավարձը թող լինի մի ֆիքսված գումար՝ կառավարության կողմից հաստատված և սուբսիդավորվող». Հայկ Հայկյան

    14 August, 2018

    «Համայնքապետի աշխատավարձը թող լինի մի ֆիքսված գումար՝ կառավարության կողմից հաստատված և սուբսիդավորվող». Հայկ Հայկյան

    Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը թեև նշում է, որ Արարատում խնդիրները նվազել են, սակայն նա առանձնացրեց մի շարք հարցեր, որոնք լուծման կարիք ունեն:

    Քաղաքապետն առաջնահերթ համարեց կիսակառույց շենքերի հարցը: Այս առիթով մանրամասնեց. «Երկու կիսակառույց շենք ունենք: 1989-ին հին շենքերը քանդել են, մարդկանց խոստացել են, որ բնակարան կտան, բայց մինչև հիմա ոչինչ չի արվել, չնայած բազմաթիվ անգամներ դիմել ենք կառավարություն, նախագահական և այլն: Հուսով ենք՝ առաջիկայում գումար կհատկացվի, քանի որ մեծ ծախսերի հետ կապված խնդիր է»: Ամենամեծ խնդիրը «Վեոլիա ջուր» ընկերության հետ է կապված՝ իրենց աշխատանքի որակի: Քաղաքապետը մտահոգությամբ հիշեց, որ ավճար կառավարությանն են տվել համայնքային ջրագծերն ու կոյուղաջրերը՝ որպես նվիրատվություն, բայց հիմա, եթե «Վեոլիա ջուր» ընկերությանը դիմում են որևէ հարցով աշխատանք կատարելու համար, ասում են, թե կառավարությունը կամ Ջրպետկոմիտեն պիտի անի:

    Հայկ Հայկյանը հավաստիացրեց՝ համայնքն իր սեփական եկամուտներով կարողանում է որոշակի աշխատանք կատարել և քաղաքը նորմալ, բարետես վիճակի բերել:

    Ըստ Հայկ Հայկյանի՝ համայնքապետին պետք է հնարավորություն տրվի ազատ աշխատել: Այս առիթով նա մի խնդիր բարձրացրեց. «Օրինակ՝ մեկը բյուջեի հետ կապված հարցերն են: Ունենք ֆոնդային և վարչական մասեր բյուջեում, և խնդիրն այն է, որ  ֆոնդայինից բյուջետայինին չենք կարող գումար հատկացնել: Այսինքն, եթե ավագանին հաստատեց, որ ֆոնդային գումար է, կապիտալ ծախսեր պիտի անենք, եթե անում ենք, և գումար է ավելանում, չենք կարողանում հետ բերել վարչական բյուջեի, դա մնում է  ֆոնդայինում և փոխանցվում է հաջորդ տարվա վրա: Բյուջեում ընդամենը մեկ տող պիտի լինի. բոլոր ծախսերը մեկ տեղից պիտի արվեն և՛ վարչական, և՛ շինարարական աշխատանքները: Այդ դեպքում համայնքապետն ավելի ազատ է լինում: Պահի տակ հնարավոր է աղետ, վթար լինի, ու մենք պահուստային ֆոնդից առանց ավագանու որոշման իրավունք չունենք գումար հատկացնելու, իսկ վթարի դեպքում բնակիչը չի կարող 4-5 օր սպասել, մինչև մենք ավագանու նիստ հրավիրենք և այլն: Եթե մարդու տանիքն այրվել է, հո մեկ շաբաթ չի՞ սպասելու մինչև լուծում տրվի, կամ ջուրը լցվում է մարդու տունը, մարդուն անրաժեշտ է հարցն այդ պահին լուծել, ոչ թե շաբաթներով սպասել»:

    Արարատի քաղաքապետն առաջարկում է հնարավորություն տալ, որ համայնքապետն ազատ աշխատի, և մարդիկ կարողանան ժամանակին իրենց հուզող խնդիրների պատասխանը ստանալ: Այն մտահոգություններին, թե պահուստային ֆոնդի՝ ազատ տիրապետման դեպքում կարող է համայնքի ղեկավարը չարաշահումներ կատարել, Հայկ Հայկյանն առաջարկում է՝ թող գան, ստուգեն, բռնեն, այդ դեպքում մարդ կմտածի՝ արժի՞ գնալ այդ քայլին, թե ոչ, բայց այսպես կապել համայնքապետի ձեռքը, սխալ է:

    Հարցին՝ նոր կառավարությունից ի՞նչ սպասելիքներ ունեն, Հայկ Հայկյանը պատասխանեց՝ ինչպես աշխատել են, այդպես էլ շարունակելու են, պարզապես ակնկալում են որոշակի օրենսդրական փոփոխություններ, որ իրենց աշխատանքը հեշտացվի:

    Արարատի քաղաքապետն առաջարկում է բարձրացնել համայնքապետերի աշխատավարձը և որ այն լինի ֆիքսված ՀՀ կառավարության կողմից. «Համայնքի ղեկավարը նյութական մեծ պատասխանատվություն ունեցող անձ է: Այդ անձին վստահված է, օրինակ, մեկ քաղաք, որն ունի հսկայական տնտեսություն, բյուջեն հսկայական գումարներ է: Համայնքի ղեկավարին պետք է կոնկրետ աշխատավարձ նշանակել ՀՀ կառավարության կողմից: Աշխատավարձը կլինի դոտացիայով, թե սուբսիդիայով, դա առանձին հարց է, բայց պետք չէ դա թողնել սեփական եկամուտների վրա, որ յուրաքանչյուր համայնքապետ իրավականով իր աշխատավարձը նշանակի և համամասնորեն բաժանի մնացած աշխատողների վրա: Համայնքապետին պիտի նշանակել բարձր աշխատավարձ, պատկերացնում եմ, որ քաղաքապետերը 800.000 դրամից պակաս չպետք է ստանան, որ մարդն ինքնաբավ զգա իրեն: Այդ դեպքում ոչ մի համայնքապետ ոչ մի բանի մասին չի մտածի, ինքը հանգիստ կաշխատի: Այժմ չկա մի սկզբունք այս հարցում, այլ ավագանին որոշում է, որ այսքան է քաղաքապետի աշխատավարձը և դրա համամասնությամբ էլ աշխատավարձերն իջնում են դեպի ներքև՝ տեղակալ, աշխատակազմի ղեկավար և այլն»:

    Հայկ Հայկյանն  առաջարկում է, որ այս հարցում գործի կոնկրետ մեկ սկզբունք. «Համայնքապետի աշխատավարձը թող լինի մի ֆիքսված գումար՝ կառավարության կողմից հաստատված և սուբսիդավորվող, ոչ թե լինի համայնքի հաշվին: Մնացած աշխատողներինը կարելի է մտածել սեփական եկումոտների հաշվին ինչ-որ չափով բարձրացնել»: