:

    "Emerging Europe" պարբերականը հրապարակել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարցազրույցը

    12 Հուլիսի, 2017

    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է բիզնես համագործակցության ոլորտում մասնագիտացած միջազգային հայտնի պարբերականներից մեկի՝ «Emerging Europe»-ի հարցերին՝ կապված Երևան քաղաքում միջազգային ներդրումների հնարավորությունների, զարգացման հեռանկարների, քաղաքի հիմնական առավելությունների և զբոսաշրջային գրավչության մասին:

    Պարբերականի լրագրողի կողմից ներկայացված հարցերի շրջանակը բավականին լայն է եղել՝ սկսած քաղաքի ենթակառուցվածքներից, կրթական համակարգի առանձնահատկություններից և զբոսաշրջությունից մինչև տնտեսության հիմնական ճյուղեր, ներդրումային հնարավորություններ, միջազգային համագործակցություն և զարգացման հեռանկարներ:

    Հոդվածի հեղինակը նշում է, որ Հայաստանը, ըստ Համաշխարհային Բանկի կողմից անցկացվող «Doing business» հետազոտության, բիզնես գրավչության տեսանկյունից 35-րդ տեղն է զբաղեցնում՝ առաջ ընկնելով այնպիսի եվրոպական պետություններից, ինչպիսիք են Իտալիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Խորվատիան, Չեխիան:

    «Կարծում եմ, զարմանալի չէ, որ Հայաստանը՝ մասնավորապես Երևանը՝ որպես զարգացող քաղաք, ներդրումային տեսանկյունից ավելի հեռանկարային և հետաքրքիր է, քան Ձեր կողմից նշված արդեն իսկ զարգացման բավականին լուրջ աստիճանի հասած եվրոպական պետությունների քաղաքները: Պատմական, մշակութային, տնտեսական ու աշխարհագրական տարբեր առանձնահատկություններ իրենց ազդեցությունն են թողնում նաև տվյալ քաղաքի զարգացման տեմպի վրա: Մեզ մոտ այս առումով հնարավորությունները և ներդրումային դաշտը շատ լայն է, իսկ քաղաքային իշխանությունն էլ իր հերթին փորձում է հնարավորինս լավ պայմաններ ստեղծել գործարար միջավայրի, ներդրումային հնարավորությունների ավելացման համար»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը

    Պատասխանելով քաղաքային տնտեսության հիմնական ճյուղերին մասին հարցին՝ քաղաքապետը որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել. «Երևանի տնտեսությունը բազմաճյուղ է` գյուղմթերքի վերամշակումից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ. Երևանին են բաժին ընկնում հանրապետության արդյունաբերության ընդհանուր ծավալի 42.1%-ը, շինարարության՝ 53.9%-ը, մանրածախ առևտրի՝ 82.6%-ը, ծառայությունների՝ 85.5%-ը, շահագործման հանձնված բնակելի շենքերի՝ 77.6%-ը, հյուրանոցային տնտեսության օբյեկտների՝ 33.2%-ը»:

    Քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողին վստահեցրել է նաև, որ այսօրվա Երևանն առաջարկում է մաքուր ու անվտանգ քաղաքային միջավայր, հարուստ պատմամշակութային և գիտական ժառանգություն, ջերմ հյուրընկալություն, բարենպաստ կլիմայական պայմաններ՝ ընդգծելով, որ Երևանն ունի բոլոր պայմանները ապրելու, ստեղծագործելու և գործարարությամբ զբաղվելու համար, ինչի մասին փաստում են բոլոր այն ներդրողները, ովքեր արդեն երկար տարիներ ապրում և աշխատում են Երևանում:

    Հարցազրույցը ամբողջությամբ հասանելի է «Emerging Europe» պարբերականի պաշտոնական էջում՝ http://emerging-europe.com/regions/armenia/armenia-yerevan-offer-safe-investment-and-tourism-to-a-growing-world/