«ՁԵՎԱՓՈԽԻ՛Ր» մրցույթի հայտարարություն

Հայաստանի Զարգացման Հիմնադրամը (ՀԶՀ) ուրախ է հայտարարել «ՁևաՓոխի՛ր» բիզնես նախագծերի մրցույթի մասին՝ Հայաստանում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու նպատակով։ Նախագծերը պետք է լինեն մեծ գաղափարների վրա հիմնված կենսունակ ներդրումային ծրագրեր, որոնք կարող են դառնալ ստորև նշված տեղանքներից մեկում զբոսաշրջության խթանման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար անհրաժեշտ նախապայման։ Այլ տեղանքներում առաջարկվող ծրագրերը ևս կդիտարկվեն, եթե համապատասխանում են մրցույթի չափորոշիչներին։

Առաջարկվող տեղանքների ցանկը՝ 1)Վանաձոր, 2)Ջերմուկ, 3)Սևանա լճի ափամերձ հատված, 4)Երևանյան լիճ, 5)Արա լեռ, 6)Թեղենիս լեռ, 7)Խոր Վիրապ վանական համալիր, 8)«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան, 9)«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան, 10)Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, 11)«Լոռի Բերդ» պատմամշակութային արգելոց, 12)Հին Գորիս քարանձավային բնակավայր

Դիմորդները պետք է լրացնեն կից հայտադիմումը՝ համառոտ հիմնավորելով ներկայացված ծրագրերը։ Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան որակավորում ունեցող բոլոր հետաքրքրված մասնագետները ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Ծրագրի նպատակն է տաղանդավոր և ստեղծարար մասնագետներին մասնակից դարձնել զբոսաշրջության խթանման գործընթացներին։

Մասնավորապես՝ ծրագրի հիմնական նպատակներն են․

  • Զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ ավելացնելով տեղական եւ արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը
  • Աջակցել նորարար գաղափարները բիզնես ծրագրերի վերածելու գործընթացին, և հետագայում դրանց իրականացման համար գտնել միջոցներ
  • Բարելավել բիզնես գաղափարների առեւտրայնացման գործընթացը՝ ներգրավելով պետական շահագրգիռ կողմերին, մասնավոր և կորպորատիվ ներդրողներին, ինչպես նաև Հայաստանում գործող դոնոր կազմակերպություններին
  • Ստեղծել աշխատատեղեր նշված համայնքներում՝ խթանելով մասնավոր ներդրումները
  • Զարգացնել դիմորդների շրջանում բիզնես մտածողությունը և բիզնես ծրագրերի մշակման մեխանիզմները

Ընտրության կարգը

Ընտրությունը բաղկացած է լինելու 3 փուլից։ Առաջին փուլում դիմորդները պետք է լրացնեն ծրագրի հիմնական դրույթները նկարագրող հայտադիմումը։ Երկրորդ փուլում ընտրված դիմորդները պետք է ներկայացնեն ծրագրերի ամբողջական նախագծերը։ Երրորդ՝ եզրափակիչ փուլ անցած 3 մասնակիցները հնարավորություն կստանան իրենց ծրագրերը ներկայացնելու ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող և պետական, ոչ պետական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներից կազմված ՀԶՀ խորհրդին։ Եզրափակիչ փուլ անցած 3 մասնակիցների հայտերից ՀԶՀ խորհուրդը կընտրի 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցնող նախագծերը։

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների պարգևները և հետագա աջակցությունը

Առաջինից երրորդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները կստանան համապատասխանաբար 15.000, 10.000 և 5.000 ԱՄՆ դոլար պարգևավճար։ ՀԶՀ-ն համատեղ կաշխատի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ՝ հավաքագրելու ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։ Մասնավորապես՝ ՀԶՀ-ն կօգնի բացահայտել պոտենցիալ ներդրողներին, կկազմակերպի հանդիպումներ ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան մասնավոր և կորպորատիվ ներդրողների հետ, ինչպես նաև կփորձի աջակցել պոտենցիալ ներդրողների հետ գործարքների կնքման գործում։ Ավելին՝ ՀԶՀ-ն կապահովի ընթացիկ խորհրդատվություն և աջակցություն եզրափակիչ անցած 3 մասնակիցների համար ծրագրերի իրականացման ողջ ընթացքում։

Ժամանակացույցը

Հայտադիմումների ընդունման մեկնարկը կտրվի ս․թ․ հուլիսի 17-ին։ Առաջին փուլի վերջնաժամկետը ս․թ․ սեպտեմբերի 10-ն է։ Առաջին փուլի արդյունքները կներկայացվեն ս․թ․ սեպտեմբերի 25-ին, և թիմերը հնարավորություն կստանան ներկայացնելու երկրորդ փուլի համար նախատեսված ամբողջական ծրագրերի առաջարկները մինչև նոյեմբերի 15-ը։ Դեկտեմբերի 1-ին կհրապարակվեն եզրափակիչ փուլ անցած 3 ծրագրերի անունները։ Մինչև դեկտեմբերի 15-ը 3 հաղթող թիմերը կուղարկեն եզրափակչի օրը ներկայացվելիք պրեզենտացիաները։ Եզրափակիչ փուլում հաղթող թիմերը իրենց նախագծերը կներկայացնեն ՀԶՀ խորհրդին, որին կհաջորդի մրցանակաբաշխության պատվավոր արարողությունը։

Հայտադիմումների չափորոշիչները

Հաշվի առնելով, որ նախագիծը նպատակ ունի աջակցելու նորարար գաղափարները բիզնես ծրագրերի փոխակերպելու գործընթացին՝ ՀԶՀ թիմը որոշել է դիմումների ընդունման համար սահմանել հնարավորինս լայն և ընդգրկուն չափորոշիչներ, որպեսզի հավասար հնարավորություն ստեղծվի ոչ փորձառու թիմերի համար ևս։

Այնուամենայնիվ, ՀԶՀ-ն խրախուսում է թիմերին ներառել բիզնես կրթությամբ կամ փորձառությամբ անձանց, քանի որ նույնիսկ ամենաշահավետ թվացող բիզնես գաղափարի հիմքում պետք է լինեն մանրամասն ֆինանսական հաշվարկներ։

Մրցույթին մասնակցելու համար չկան ազգային պատկանելությամբ կամ քաղաքացիությամբ պայմանավորված սահմանափակումներ։ Այնուամենայնիվ, դիմորդները ծրագիրը կազմելիս պետք է հաշվի առնեն մրցույթում նշված տեղանքների մշակութային և պատմական առանձնահատկությունները, ինչպես նաև պետք է իրականացնեն համապատասխան դաշտային աշխատանքներ մրցունակ հայտադիմում ունենալու համար։

Բյուջեն

Առաջին փուլում ֆինանսական հաշվարկներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Դիմորդները պետք է միայն ներկայացնեն ծրագրի մոտավոր ընդհանուր արժեքը։ Ավելի մանրամասն ֆինանսական հաշվարկներ դիմորդները պետք է ներկայացնեն երկրորդ փուլում։ Մրցույթը չի սահմանում ծրագրի բյուջեի նվազագույն շեմ։ Բյուջեի առավելագույն շեմը 4,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է։ Ընտրող հանձնաժողովը կդիտարկի առավելագույն շեմը գերազանցած ծրագրերը միայն այն դեպքում, եթե դրանք իսկապես բացառիկ են, համապատասխանում են մյուս բոլոր անհրաժեշտ չափորոշիչներին և բյուջեն ամբողջությամբ հիմնավորված է։

Հայտադիմումների ընդունման կարգը

Հայտադիմումները անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին։ Խնդրում ենք՝ էլ. նամակի «Subject» տողում նշել «ՁևաՓոխի՛ր — Ձեր նախագծի անունը»։